Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ստեղծարար արդյունաբերության մասնագետների հետ հետազոտության և խորհրդակցության արդյունքները

 Հայաստանում հակակոռուպցիոն իրազեկման արշավների մեծ մասը չի հասնում իր նպատակներին և ձախողում է թիրախային խմբերին մոբիլիզացնելու, ներգրավելու գործընթացը:  Հակակոռուպցիոն արշավները հաճախ թիրախավորում են բոլորին և ոչ մեկի միաժամանակ և չունեն խնդրի հստակ ձևակերպում:  Շատ արշավներ ձգտում են լուծել կոռուպցիոն մեծ խնդիրներ՝ չունենալով բավարար ֆինանսավորում և անխուսափելիորեն ձախողվում են: Սրանք էին այն հիմնական եզրահանգումները, որոնք հնչեցին ակտիվիստների և հաղորդակցման մասնագետների կողմից «Ապելլա ինստիտուտի» կազմակերպած աշխատաժողովի շրջանակներում:

Հայաստանյան հասարակությունը մեծամասամբ անտարբեր է կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ: Նրանց 68%-ը կարծում է, որ անիմաստ է բարձրաձայնելը կոռուպցիոն դեպքերի մասին, քանի որ արդյունքում ոչինչ չի փոխվելու, իսկ 63%-ն էլ հավատում է, որ քաղաքացիների ներգրավումը հակակոռուպցիոն պայքարում չի փոխի առկա ստատուս քվոն (ԹԻ Գլոբալ հակակոռուպցիոն բարոմետր, 2016):  Թեպետ Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը ամրագրում է հանրության շրջանում կոռուպցիայի մասին իրազեկման բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ շոշափելի քայլեր չեն արվել:

Որո՞նք են Հայաստանի հակակոռուպցիոն արշավների հիմնական խնդիրները:

  • Կրթության ոլորտին առնչվող արշավները հիմնականում առաջադրում են շատ լայն ու ոչ հստակ նպատակներ (օր.՝ կոռուպցիայի ազդեցության մասին իրազեկման բարձրացում) և հաղորդակցում են ընդհանրական ուղերձներ (օր.՝ «Կոռուպցիան վատ է զարգացման համար»):

Արշավները ձախողում են հստակորեն սահմանել և անվանել կոռուպցիայի այն ասպեկտները, որոնց առնչվելու են: 

  • Արշավները թիրախավորում են բոլորին և ոչ մեկի

Արշավները հաճախ չեն սահմանում իրենց թիրախային խմբին և ուղղում են իրենց ուղերձները անորոշ զանգվածների և ոչ թե կոնկրետ անհատներին:

  • Արշավները ներկայացնում են կոռուպցիայի բացասական ազդեցությունը և առհասարակ կոռուպցիոն իրավիճակներ՝ առանց առաջարկելու ընդունելի այլընտրանքներ և ներկայացնելու դրական պատմություններ:

Թիրախավորված զանգվածների մոտ արդյունքում առաջանում է «Հետո ի՞նչ» հարցը:

  • Արշավները սովորաբար չեն ներկայացվում հստակ և հասկանալի լեզվով:

Փոխարենը, դրանք կրկնում են ՀԿ-ներին բնորոշ անորոշ արտահայտությունները: Ամենատարածված արտահայտություններն են՝ «զորեղացում», «շահառուներ», «լավ կառավարում», «կարողությունների զարգացում» և այլն: Մարդիկ սովորաբար լավ չեն հասկանում (կամ ընդհանրապես չեն հասկանում) այս ուղերձները:

  • Արշավները հազվադեպ են գնահատվում:

Արշավների մեծ մասը չափում է միայն իրենց հասանելիությունը և տարածվածությունը՝  առանց գնահատելու թողած ազդեցությունը:

  • Արշավները հազվադեպ են ներգրավում կարծիքի առաջնորդների:

Վստահելի կարծիքի առաջնորդները կարողանում են ավելի լավ հասնել թիրախավորված խմբերին և ազդել նրանց ընկալումների վրա:

Կարծիքի առաջնորդներն ունակ են «թարգմանել» ուղերձը մարդկանց ավելի հասկանալի և ընդունելի բովանդակության՝ ներկայացնելով իրենց անձնական օրինակը և փորձառությունը:

  • Հակակոռուպցիոն իրազեկման արշավների քանակի և որակի միջև առկա տարբերությունը:

Ցածրորակ արշավները, որոնք նաև ունեն ընդհանրական ուղերձներ, կարող են հանրության շրջանում առաջացնել հակառակ ազդեցություն և հիասթափեցնել վերջիններիս: Մարդիկ ձախողված արշավները ընկալում են որպես կոռուպցիայի դեմ պայքարելու անհնարինության ցուցիչներ: Արշավների ձախողման ու ցածր որակի հիմնական պատճառներից մեկը կառավարության, քաղաքացիական հասարակության, հետազոտողների, ակտիվիստների, ստեղծարար և հաղորդակցման կազմակերպությունների միջև երկարաժամկետ, կայուն և արդյունավետ համագործակցության բացակայությունն է: Մյուս խնդիրը ֆինանսական սուղ միջոցներն են:

  • Միտված են լուծել սոցիալական մեծ խնդիրներ՝ առանց բավարար ֆինանսավորման, ինչի արդյունքում ձախողվում են: Արշավների մեծ մասը մարում է ֆինանսավորման սպառումից անմիջապես հետո:

 Հաջողված սոցիալական արշավների առանձնահատկությունները

visual

Աշխատաժողովը անց է կացվել 2017 թ. հոկտեմբերին Երևանում: Համաժողովին ներկա են եղել 13 մասնագետներ, ովքեր քննարկել են լավագույն և վատագույն հակակոռուպցիոն արշավների օրինակները՝ կենտրոնանալով այն խնդրի վրա, թե ինչպես է անհրաժեշտ ուղերձները հասցնել իրենց թիրախին և ներգրավել մարդկանց:

Աշխատաժողովն ամփոփվել է «Ապելլա ինստիտուտի» աշխատակիցների կողմից «Զորեղացնելով հաջորդ սերնդին, ծավալելով երկխոսություն ակադեմիական բարեվարքության մասին Հայաստանում » ծրագրի շրջանակներում: Ծրագիրը աջակցվում է Եվրոպայի խորհրդի և Եվրամիության՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» համատեղ ծրագրի կողմից:

One thought on “Հակակոռուպցիոն արշավների հաղորդակցումը Հայաստանում

Comments are closed.