Screenshot 2017-06-13 20.31.12

Դու ստեղծարա՞ր ես ու սիրո՞ւմ ես լուծել առկա սոցիալական խնդիրները: Ցանկանո՞ւմ ես օգտագործել գիտելիքներդ ու հմտություններդ՝ պայքարելու բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա կոռուպցիայի և բարեվարքության պակասի դեմ: Եթե այո, ապա հրավիրում ենք քեզ մասնակցելու երկօրյա խմբային ստեղծագործ աշխատանքին և մտագրոհին, որտեղ քննարկվելու են Հայաստանի բարձրագույն կրթության ապագայի համար կարևոր հիմնահարցեր:

Դիմի՛ր հիմա

Ի՞նչ խնդիր կա:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը կազմել է զեկույցների շարք, որում ներկայացվում են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության վրա ազդող մի քանի խնդիրներ ու ռիսկեր: Ուսանողների, դասախոսների և ակտիվիստների իրազեկվածության մակարդակի բարձրացումը կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքությունը խրախուսող հնարավոր ռազմավարական միջոցառումների մասին կնպաստի բարձրագույն կրթության գործընթացի և որակի բարելավմանը:

Ի՞նչ ենք առաջարկում անել:

Մեր նպատակն է համախմբել Երևանի ու մարզային ուսանողներին, համալսարանների դասախոսներին, հաղորդակցման մասնագետներին ու այլ ստեղծարար երիտասարդներին՝ խմբային աշխատանքի ու մտագրոհի միջոցով վեր հանելու ու առաջարկելու միջոցներ, որոնք կբարձրացնեն տվյալ խնդրի շուրջ տարբեր սոցիալական խմբերի իրազեկվածության մակարդակը: Քեզ հնարավորություն է ընձեռվելու կիրառական դասընթացների, խմբային աշխատանքի, մենթորների հետ խորհրդակցությունների արդյունքում վերածելու քո գաղափարը հաղորդակցման ստեղծարար արշավի: Մենք տրամադրելու ենք նվիրված մենթորի, քեզ անհրաժեշտ ժամանակն ու տարածքը հաղորդակցվելու, խմբով աշխատելու ու ստեղծելու համար:

Ի՞նչ արդյունքներ ենք ակնկալում:

Մենք ձգտում ենք զարգացնել մի քանի ստեղծարար գաղափարներ հաղորդակցման օնլայն արշավների համար: Դրանք կարող են լինել ֆեյսբուքյան հրապարակումների շարքի, տեսանյութի, ինֆոգրաֆիկայի, օնլայն իլյուստրացիաների, ծաղրաշարերի, օնլայն շարժումների կամ գլուխկոտրուկների, հարցաշարերի կամ ցանկացած այլ ստեղծարար գաղափարի տեսքով, որը կօգնի մարդկանց իրազեկել մեր կրթության վրա ազդող կոռուպցիոն ռիսկերի մասին: Եթե ունես ավելի լավ գաղափարներ, կարող ես կիսել դրանք մեզ հետ: Չկա ոչ մի սահմանափակում կամ հստակ ֆորմատ:

Ո՞րն է ծրագրի ժամանակացույցը:

Հուլիսի 8-9: Երկօրյա ստեղծարար հաքաթոն «Իմփաքթ Հաբ Երևան»-ում: Հաքաթոնի նպատակն է՝

ծանոթանալ հայաստանյան ուսումնարաններում ու համալսարաններում առկա կոռուպցիոն ռիսկերին,

սովորել՝ ինչպես հաջողությամբ մեկնարկել հաղորդակցման օնլայն ու օֆլայն արշավ,

ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ ստեղծելու սոցիալական արշավներ, որ մարտահրավեր կնետեն հասարակության ընկալումներին,

նախագծել իրականացվելիք արշավների ծրագրերն ու նմուշները:

Հուլիսի 15 – սեպտեմբերի 15: Մենթորների աջակցությամբ խմբերը կաշխատեն իրենց գաղափարները հաղորդակցման արշավի վերածելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 15 – հոկտեմբերի 15: Արշավների մեկնարկ և դրանց հեղինակների մասնակցությամբ հաշվետու հանդիպում-դասընթաց:

Ո՞վ կարող է մասնակցել:

Հայաստանում բնակվող ցանկացած ստեղծարար երիտասարդ, ով ունի ստեղծագործելու մասնագիտական հմտություններ (օր.՝ գրողների և դիզայներների կամ դասախոսների և դերասանների խմբեր): Մենք հատկապես փնտրում ենք՝

  • Ուսանողների, ովքեր ներկայումս սովորում են հայաստանյան ուսումնարաններում կամ համալսարաններում,
  • Բուհերի դասախոսների,
  • Գրաֆիկ դիզայներների, նկարիչների, լուսանկարիչների, հաղորդակցման մասնագետների,
  • Երիտասարդ ակտիվիստների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ես ցանկանում եմ մասնակցել: Ի՞նչ պետք է անեմ:

  • Ծանոթացի՛ր Եվրոպայի խորհրդի նյութերին:
  • Արդեն ունե՞ս գաղափարներ: Գրի՛ր դրանք:
  • Ճանաչո՞ւմ ես այլ մարդկանց, ում հետ կցանկանաս աշխատել: Կապվի՛ր նրանց հետ Ֆեյսբուքի միջոցով կամ զանգահարի՛ր, ու միասին դիմեք՝ որպես խումբ:
  • Ցանկանում ես միայնա՞կ դիմել: Խնդիր չկա: Միջոցառման ընթացքում այլ մասնակիցների հետ քեզ կներառենք մի խմբի մեջ, որտեղ կկարողանաս աշխատել քեզ հարմար մենթորի հետ:

Իսկ ես չունեմ ո՛չ թիմ, ո՛չ էլ գաղափար:

Մի՛ մտածիր, մարդկանց մեծ մասը չունի: Պարզապես կարդա՛ Եվրոպայի խորհրդի զեկույցը, միացի՛ր մեր ֆեյսբուքյան միջոցառմանը և ուղարկի՛ր հայտդ մինչև վերջնաժամկետը:

Ի՞նչ հաղորդագրություն կարող ես օգտագործել արշավի համար:

Կրկին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Եվրոպայի խորհրդի էքսպերտների զեկույցին և տեսնել, թե խնդրին առնչվող ինչ հետազոտություն են իրենք իրականացրել: Եղի՛ր ստեղծագործ ու առաջարկի՛ր քո գաղափարը: Ստորև ներկայացնում ենք հնարավոր օրինակներ՝

  • Կոռուպցիան մեծացնում է կրթության ծախսերը և նվազեցնում դրա որակը:
  • Անգամ փոքր չափի կաշառքը քայքայում է կրթական համակարգի արդյունավետությունը:
  • Կոռուպցիան կրթության հիմնարար իրավունքի իրացման խոչընդոտ է:
  • Ի՞նչ անել, երբ դասարանում կոռուպցիայի ականատես եք դառնում:
  • Առաջարկի՛ր քո հաղորդագրությունը:

Ի՞նչ լեզվով է անց կացվելու հաքաթոնը:

Հաքաթոնն անց է կացվելու հայերենով: Անգլերեն դասընթացների ժամանակ տրամադրվելու է թարգմանություն:

Ինչո՞ւ ես պետք է մասնակցեմ:

  • Եթե ուսանող ես, սա լավ հնարավորություն է կիրառելու քո գիտելիքներն ու հմտությունները (լինեն դրանք քաղաքական իրավիճակի, հակակոռուպցիոն բարեփոխումների, թե մարքեթինգային հնարքների մասին, որ սովորել ես) և նախագծելու հաղորդակցման քո արշավը:
  • Եթե քո արշավը հաղթի, կստանաս այն կյանքի կոչելու ու դրա արդյունքները տեսնելու հնարավորություն: Մենք ցանկանում ենք, որ արշավդ իրոք հիանալի լինի: Հետագայում այն կարող ես ներառել քո պորտֆոլիոյում կամ CV-իդ մեջ:
  • Մենք հրավիրելու ենք դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ տեսնելու արշավների առաջարկվող նախագծերը: Հնարավոր է՝ նրանք հետաքրքրված լինեն քո խմբի գաղափարով կամ այլ հնարավոր արշավով: Դու հնարավորություն կունենաս զրուցելու նրանց հետ: Մենք հավատում ենք հաղորդակցման ուժին:
  • Եթե դու արդեն հաղորդակցման մասնագետ ես, կստանաս ոլորտի մասին ավելի համապարփակ գիտելիքներ: Եթե ուսանող ես կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, կհասկանաս՝ ինչպես է հաղորդակցությունն աշխատում, ու մի օր էլ կկարողանաս տարածել քո արշավը ողջ Հայաստանով:
  • Բացի այդ՝ կանցկացնես ուրախ հանգստյան օրեր՝ հանդիպելով նոր մարդկանց, ծանոթանալով նրանց հետաքրքիր գաղափարներին ու մրցելով այլ ստեղծարար երիտասարդների հետ:

Ծրագիրն անվճա՞ր է:

Իհարկե, մասնակցությունն անվճար է: Մարզային երիտասարդների ճանապարհածախսը և կեցության ծախսերը հոգում ենք մենք: Ծրագրի բոլոր մասնակիցների սննդի հարցերը ևս հոգում ենք:

Ինչպե՞ս դիմել:

Դիմելու ընթացակարգը շատ հեշտ է: Ստուգի՛ր ծրագրին դիմելու վերջնաժամկետը և ուղարկի՛ր քո օնլայն հայտը: Դիմելուց հետո սպասի՛ր դիմումդ հաստատող էլեկտրոնային հաղորդագրության կամ զանգի, որ կստանաս մինչև հուլիսի 3-ը:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը: հունիսի 30, 2017 թ.

Հարցե՞ր ունես:

Էլեկտրոնային նամակ ուղարկի՛ր մեզ info@apellainstitute.org  հասցեով:

Հաքաթոնն իրականացվում է «Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ»-ի կողմից «Իմփաքթ Հաբ Երևան»-ի հետ համագործակցությամբ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի ֆինանսավորմամբ:

See the call for participants in English

hackathon poster_final_am

One thought on “Calling participants for Academic Integrity Hackathon │ Ակադեմիական բարեվարքության հաքաթոնին մասնակցելու հրավեր

Comments are closed.